Թեղուտի հյուրատանը երիտասարդների խնջույքն ավարտվել է դանակահարությամբ

Թեղուտի հյուրատանը երիտասարդների խնջույքն ավարտվել է դանակահարությամբ

Հուլիսի 6-ին՝ ժամը 23.30-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել «Դիլիջան» բժշկական կենտրոնից. բուժօգնության էր տեղափոխվել Թեղուտ գյուղի 23-ամյա մի բնակիչ:

Հիվանդանոց մեկնած Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ ախտորոշվել են կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքեր, իսկ երիտասարդը վնասվածքները ստացել էր իրենց գյուղում:

Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված միջոցառումներին մասնակցել են նաև Տավուշի մարզային վարչության, Սևանի և Կոտայքի բաժինների գործընկերները:

Պարզվել է, որ հուլիսի 6-ին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի տարբեր բնակավայրերի բնակիչ, 20-23 տարեկան մի խումբ երիտասարդներ գնացել են Թեղուտ գյուղի մի հյուրատուն` նշելու ընկերոջ ծնունդը:

Ժամը 22.30-ի սահմաններում, բարձր երաժշտության հետ կապված, միջոցառման մասնակիցների և Թեղուտի բնակիչ երիտասարդի ու 15-ամյա պատանու միջև ծագել է վեճ, որն ունեցել է զարգացում և ավարտվել դանակահարությամբ:

Տոնախմբության մասնակիցներից մեկը` Աբովյան քաղաքի բնակիչ, 20-ամյա երիտասարդը, իր մոտ եղած դանակով երկու անգամ խփել է 23-ամյա թեղուտցուն:

Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ին վեճի մասնակից երկու երիտասարդ հայտնաբերվել, ձերբակալվել ու, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վեճի մյուս մասնակիցներին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում