Հումանիտար ոլորտում կանանց աշխատանքի արգելքը խորացնում է ճգնաժամն Աֆղանստանում․ HRW

Հումանիտար ոլորտում կանանց աշխատանքի արգելքը խորացնում է ճգնաժամն Աֆղանստանում․ HRW

Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումն արգելում է կանանց մեծ մասին աշխատել մարդասիրական ոլորտում, ինչը խորացնում է երկրում ընդհանուր ճգնաժամը։ Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

«2021 թվականի հոկտեմբերի 28-ի տվյալներով՝ աֆղանական 34 նահանգներից միայն 3-ում են թալիբները տվել գրավոր համաձայնություն, որպեսզի կանայք աշխատեն մարդասիրական ոլորտում։ Երկրի մեծ մասում կին սոցաշխատողները բախվում են կոշտ սահմանափակումների։ Օրինակ՝ նրանց պետք է ուղեկցեն ընտանիքի տղամարդ անդամները, ինչը դժվարացնում է կամ անհնարին դարձնում աշխատանքային պարտավորությունների արդյունավետ կատարումը»,-ասվում է կազմակերպության կայքում հրապարակված զեկույցում։

Համաձայն զեկույցի՝ մի շարք նահանգներում կանանց թույլատրել են միայն տեղեկություններ հավաքել բնակչության կարիքների վերաբերյալ, սակայն հեռացրել են օգնության բաշխման գործում մասնակցությունից։ Այլ նահանգերում նրանց թույլատրել են աշխատել միայն կրթության և առողջապահության ոլորտների նախագծերի վրա։ Ինչպես հաստատում են իրավապաշտպանները, թալիբները հիմնականում բանավոր կերպով են բացատրում մարդասիրական ոլորտում կանանց աշխատանքի կանոնները։ Գրավոր հրահանգների բացակայությունն առավել հավանական է դարձնում կանանց հետապնդումը շարժման որոշ մասնակիցների կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում