Նարեկ Մկրտչյանը՝ ԽՍՀՄ խնայբանկի ավանդների փոխհատուցման գործընթացի մասին
ԽՍՀՄ Խնայբանկի իրավահաջորդը Հայաստանում «ՎՏԲ Հայաստան» բանկն է։ Այս մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Շահառուները պետք է մոտենան բանկ, տվյալների նույնականացումից հետո տեղեկությունը փոխանցվում է Միասնական սոցիալական ծառայությանը: Կառավարության՝ 2014 թվականի որոշմամբ՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն ավանդների փոխհատուցումից օգտվում են արտահերթ կարգով:
Նշենք, որ սահմանամերձ 39 բնակավայր, հիմնականում Սյունիքի մարզից, դարձել են սահմանամերձ: Սրանով պայմանավորված` 2021 թվականին եղել է դիմումների աննախադեպ աճ, և եղել են մեծ հերթեր:
Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ այս առումով դժգոհություններն օբյեկտիվ են:
«Որոշակի օբյեկտիվ դժգոհություններ կան կուտակված հերթերի մասին: Ցանկանում եմ հայտարարել ևս մեկ անգամ, որ ճշտումները և արխիվային փաստաթղթերը մեզ մոտ չեն և մենք չենք շահառու հանդիսանալու մասին տեղեկատվությունը հաստատում:
Տեղեկատվությունը թվայնացված չէ, որոշակի ժամանակ է պահանջվում, մինչև կարողանում են նույնականացնել քաղաքացուն: Բայց պետք է արձանագրենք այն փաստը, որ, ըստ էության, Կառավարությունն իր վրա վերցրած պարտականությունն իրականացնում է: Նաև մեր երկրի ֆինանսատնտեսական հնարավորությունները գնահատելով` քննարկման առարկա ենք դարձնելու նաև 1939 թվականից բարձր թվերի ծնված քաղաքացիների ավանդների վերադարձի հարցը»,- ասաց Մկրտչյանը:
Կարծիքներ