Արդարադատության նախարարությունում ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել են դատաիրավական բարեփոխումները
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի նորանշանակ տնօրեն Հասմիկ Հակոբյանին։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ հետ արդյունավետ համագործակցությունը նախարարության կողմից իրականացվող ծավալուն բարեփոխումների շրջանակներում և Ծրագրով նախատեսված բոլոր ուղղություններով առավել սերտ համագործակցելու պատրաստակամություն հայտնել։
Կարեն Կարապետյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրմանը, արբիտրաժի ու հաշտարարության և էլեկտրոնային արդարադատության ոլորտումոլորտում իրականացված աշխատանանքներին։ Այս համատեքստում ներկաները մտքեր են փոխանակել զարգացման գործընկերների ջանքերի համատեղման ու պարբերական հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ։
Ծրագրի տնօրեն Հասմիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, ինչպես նաև ներկայացրել Ծրագրի շրջանակներում առաջիկա անելիքներն ու Արդարադատության նախարարության հետ իրականացման ենթակա գործողությունները, որոնք ուղղված կլինեն վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին, գործարարների հասանելիության ապահվմանն ուղղված հարցերին, արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին աջակցելուն։
Կողմերը քննարկել են նաև դատաիրավական բարեփոխումների ողջ ծավալով համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված հարցերը։ Հանդիպման ավարտին Կողմերը պայմանավորվել են նախանշել առաջիկա տարվա ընթացքում իրականացման ենթակա գործողությունները և դրանց ժամանակացույցները ու երկուստեք պատրաստակամություն հայտնել արդյունավետ շարունակելու ծրագրի իրականացումն ու նպաստելու արդարադատության ոլորտի բարեփոխումների շարունակականությանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։
Կարծիքներ