Ղրղզստանը Ռուսաստանից և Թուրքիայից անօդաչու սարքեր կգնի
Ղրղզստանը Ռուսաստանից և Թուրքիայից ձեռք կբերի անօդաչու թռչող սարքեր։ Այդ մասին, այսօր Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։
«Մենք գնում ենք հարվածային անօդաչու թռչող սարքեր Թուրքիայից և Ռուսաստանից»,- ասել է երկրի ղեկավարը։ Նրա խոսքով՝ Ղրղզստանը Ռուսաստանի օգնությամբ, ներկայում վերանորոգում է իր ռեակտիվ ինքնաթիռները։ «Սրա համար գումար է հատկացվում, անվճար չէ»,- նշել է նա։
Ռուսական «Օրլան -10» և թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր գնելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել է Ղրղզստանի փոխվարչապետ, ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչեբեկ Տաշիևը: Նրա խոսքով՝ Թուրքիայում արդեն մեկնարկել է իրենց կողմից պատվիրված անօդաչու սարքերի արտադրությունը։ Բացի դրանից, Ղրղզստանի զինվորականներն այժմ անօդաչու սարքերի կառավարման վերապատրաստման դասընթացներ են անցնում։
Տաշիևը նշել է, որ ներկայում թուրքական «Բայրաքթար»-ներով զինված է միայն հինգ պետություն։ Գործարքի գումարը և անօդաչու թռչող սարքերի քանակ, որոնք ղրղզսական կողմը մտադիր է ձեռք բերել, դեռևս չի նշվում։
Կարծիքներ