Վաղվանից Ղազախստանից դուրս կբերվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը. Սերգեյ Շոյգու
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը, նախատեսված պլանի համաձայն, դուրս կբերվեն Ղազախստանից մինչև հունվարի 19-ը ներառյալ։ Այս մասին, ըստ ТАСС-ի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։
«Վաղը 14 ինքնաթիռով դուրս կբերենք մեր գործընկերների բոլոր ուժերը՝ Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի: Ղրղզ գործընկերները կհեռանան ինքնուրույնч հաշվի առնելով, որ մոտ են տարածքին: Խաղաղապահների դուրսբերումը կիրականացվի 5 օրում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Շոյգուն նաև նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահների Ղազախստան տեղափոխման ժամանակ կազմակերպվել է օդային կամուրջ։
«Ներգրավված էր ավելի քան 80 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, քանի որ անհրաժեշտ էր տեղափոխել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների խաղաղապահ ուժերը՝ Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, և, իհարկե, ռուսական զորքերի կոնտինգենտը տեխնիկայի հետ միասին»,-տեղեկացրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 13-ին տեսակապի միջոցով կայացել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը, որի արդյունքներով՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել էին «Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը մշտական տեղակայման վայրեր կազմակերպելու մասին» ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ որոշումը:
Նիստը վարել էր ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Կարծիքներ