ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է բանակցություններ վարել Իսրայելի հետ, քանի դեռ չի դադարեցվել գործողությունը Ռաֆահում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը միջազգային միջնորդներին տեղեկացրել է Իսրայելի հետ անուղղակի բանակցություններին մասնակցությունը դադարեցնելու մասին, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Middle East Eye հրատարակությունը՝ վկայակոչելով խմբավորմանը մոտ կանգնած իր աղբյուրին:
«Նրանք (Իսրայելը) պետք է դադարեցնեն ագրեսիան և սպանությունները, հեռանան Ռաֆահի հսկիչ անցակետից. այդ ժամանակ մենք կկարողանանք խոսել: Մինչ այդ ոչ մի բանակցություն չի լինի», - ասել է աղբյուրը:
Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ն այս որոշումն ընդունել է մայիսի 26-ին Ռաֆահում տեղակայված տեղահանվածների վրանային ճամբարին իսրայելական օդուժի հասցրած հարվածներից հետո։ Գազայի հատվածի առողջապահական ծառայության տվյալներով՝ գրոհի ընթացքում զոհվել է 45 մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել են։
Մեկ այլ աղբյուր Middle East Eye-ին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ճկունություն ցուցաբերել Գազայի հատվածի հետագա կառավարման հարցում, եթե անկլավի կառավարման որոշումը համաձայնեցվի պաղեստինյան մյուս խմբավորումների կողմից և ոչ թե ԱՄՆ-ի կամ Իսրայելի։
Կարծիքներ