Ավարտվել է Տարոն Մարգարյանի և Արման Սահակյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց մասով քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, պարզվել և հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճառյան 40 հասցեում գտնվող «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցված 13.172 քմ մակերեսով հողատարածքից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դեռևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հանձնարարել է կատարել «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցված հողամասի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմվելիք հողամասի նոր հատակագծով դպրոցի տարածքում չներառել և դուրս թողնել 3693,12 քմ. մակերեսով՝ դպրոցին պատկանող հողակտորը:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, անտեսելով, որ դպրոցի զբաղեցրած հողամասի մակերեսի նվազեցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետի 02.12.2002թ. թիվ 2448-Ա որոշման հիման վրա հաստատված թիվ 2365-2002 գլխավոր հատակագծով որոշված սահմանների փոփոխությամբ, կատարելով պաշտոնական կեղծիք՝ համապատասխան եզրակացության մեջ ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ. այն է՝ հողամասի սահմանները փոփոխելու և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու փոխարեն նշել են, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի կրկնակի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող դպրոցի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 9478,88 քմ:
Հիմք ընդունելով վերը նշված եզրակացությունը, արդեն իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 30.12.2011թ. թիվ 7305-Ա որոշմամբ հաստատվել է նոր հատակագիծ, որով Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող, «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի 13.172 քմ մակերես ունեցող հողամասը արհեստականորեն նվազեցվել է 3693,12 քմ մակերեսով:
Այնուհետև, Տարոն Մարգարյանը դպրոցի հողամասի սահմաններից դուրս թողնված նշյալ մակերեսով հողատարածքից 3569,8 քմ մակերեսով, Մ. Բաբաջանյան փողոց 8/2 հասցեում գտնվող հողամասը 2012թ. հուլիսի 13-ի թիվ 5198-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում 22.659.900 ՀՀ դրամով հողամասը ձեռք բերած անձնավորությունն օրեր անց այն բաժանել է երկու հավասար հողամասերի և համապատասխանաբար 4 մլն և 3 մլն ՀՀ դրամով օտարել է Տարոն Մարգարյանի սանիկին, իսկ մյուսը հողակտորը՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով, շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով՝ հիշյալ օտարման արդյունքում դպրոցը զրկվել է փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, իսկ պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Նշվում է, որ բացի այդ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության զբաղեցրած 6452,9 քմ մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար առանձնացնել և վերջիններիս օտարել հողատարածքներ, Երևանի քաղաքապետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ միասին, նախաձեռնել է հիշյալ կազմակերպության զբաղեցրած հողամասի սահմանները վերաճշտելու գործընթաց:
Գործելով նախկին քաղաքապետի հանձնարարությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության համաձայն, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց օբյեկտիվ հիմնավորումների և պատճառաբանվածության, նշված պաշտոնյաների գործողությունների արդյունքում ուսումնական հաստատության հողամասի մակերեսը նվազեցվել է 580,63 քմ-ով՝ պաշտոնական կեղծիքի արդյունքում կազմված եզրակացության մեջ հողամասի սահմանները փոփոխելու և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու փոխարեն նշելով, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ քաղաքաշինական իրադրության փոփոխությունների արդյունքում մանկապարտեզի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 5872.27 քմ՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականում ամրագրված 6452.9 քմ-ի փոխարեն:
Այնուհետև, ուսումնական հաստատության հողամասի սահմաններից դուրս թողնված՝ վերոգրյալ մակերեսով հողատարածքից 575 քմ մակերեսով, Տիտոգրադյան 17/1 հասցեում գտնվող հողամասը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013թ. հունվարի 15-ի թիվ 69-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը՝ 5.433.800 ՀՀ դրամով ձեռք է բերել իր ընտանիքի մտերիմը՝ Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը:
Ավելին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության զբաղեցրած հողատարածքից կրկին իր մերձավորների համար առանձնացնել և վերջիններիս օտարել հողատարածք, Երևանի քաղաքապետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, վերոնշյալ նույն ընթացակարգով դարձյալ հանձնարարել է կատարել Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողամասի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմված հողամասի նոր հատակագծում ուսումնական հաստատության տարածքում չներառել և դուրս թողնել այս անգամ արդեն՝ 863,34 քմ մակերեսով հողակտորը:
Այնուհետև, ուսումնական հաստատության հողամասի սահմաններից դուրս թողնված նույնքան մակերեսով, Տիտոգրադյան 17/3 հասցեում գտնվող հողամասը Երևանի քաղաքապետի՝ 2014թ. հոկտեմբերի 15-ի թիվ 3885-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը 8.442.063 ՀՀ դրամով կրկին օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին:
Հետագայում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 27.02.2015թ. թիվ 495-Ա որոշմամբ, Տիտոգրադյան 17/1 և Տիտոգրադյան 17/3 հասցեներում գտնվող վերը նշված հողամասերը, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են վերոնշյալ ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող՝ Տիտոգրադյան 17 հասցեի հողատարածքին:
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների այս գործողությունների հետևանքով Երևան համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ ՀՈԱԿ-ին զրկելով փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Հ. Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող, «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված, պետական սեփականություն հանդիսացող և պետական գույքի կառավարման վարչությանը ամրացված 15523 քմ մակերեսով հողատարածքից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, պետական գույքի կառավարման վարչության պետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հիշյալ դպրոցի տնօրենի հետ քննարկումների ժամանակ, վերջինիցս թաքցնելով իր իրական մտադրությունը, առաջարկել է դպրոցի տարածքը բարեկարգելու նպատակով կատարել դպրոցի սահմանների ճշտում և դպրոցի սահմաններից դուրս բերել դպրոցի տարածքում նախկին տարիների ընթացքում կառուցված ստորգետնյա ավտոտնակները: Դպրոցի տնօրենից ստանալով համանուն բովանդակությամբ դիմում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հասցեագրված գրությամբ Արման Սահակյանն այն ուղարկել է Երևանի քաղաքապետարան՝ համայնքի ղեկավարին խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը կատարել սահմանների ճշտում: Ուղարկելով նշված դիմումը՝ Արման Սահակյանը Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց հետ հանցավոր համաձայնություն է ձեռք բերել, որ բացի դիմումում նշված ավտոտնակներից, կատարվելիք չափագրության արդյունքներով դպրոցի սահմաններից դուրս բերվեն նաև ավտոտնակների հետ որևէ կապ չունեցող, դպրոցապատկան հողամասի՝ միմյանցից անջատ ևս երկու հողակտոր:
Առանց օբյեկտիվ հիմնավորումների և պատճառաբանվածության, քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմվել ու ներկայացվել են ձևակերպման ենթակա սահմաններով նշագրված տարածքի սխեմաները և անհիմն եզրակացությունը, համաձայն որի՝ դպրոցի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 11671.57 քմ՝ նախկին գլխավոր հատակագծով սահմանված 15523 քմ փոխարեն: Տեղյակ լինելով, որ սահմանների ճշտումը կատարվում է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի նախաձեռնությամբ, և որ սահմանների ճշգրտման արդյունքում բացի դիմումում նշված հողակտորից դուրս են բերվել ևս երկու այլ հողակտորներ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, անտեսելով, որ հողամասի մակերեսի նվազեցումը պայմանավորված է 02.12.2002թ. թիվ 2252-2002 գլխավոր հատակագծով որոշված սահմանների փոփոխությամբ, քաղաքապետարանի աշխատակիցները կատարել են պաշտոնեական կեղծիք՝ հողամասի սահմանների փոփոխման և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու մասին գրառման փոխարեն՝ դարձյալ նշելով տարածքի տեղագրական հանույթի վերաճշգրտման հանգամանքը:
Հիմք ընդունելով վերը նշված կեղծ եզրակացությունը, կազմվել է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ, որով սահմանել է, որ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 11671,57 քմ, առաջարկվել է չեղարկել նախկինում հաստատված գլխավոր հատակագիծը և վավերացնել նոր հատակագիծ, որով Երևան քաղաքի Հ. Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող և Երևանի քաղաքապետարանի «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված 15523 հա հողատարածքը նվազեցվել է 3851,43 քմ. ընդհանուր մակերեսով և արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն: Այնուհետև նշված որոշումը և նոր հատակագիծը ներկայացվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի գրանցման վկայական տրամադրելու համար:
Նվազեցված՝ 3851,43 քմ ընդհանուր մակերեսով երեք առանձին հողատարածքներն ընդունվել են որպես համայնքային սեփականություն և Երևանի քաղաքապետի 2014թ. հունիսի 11-ի թիվ 2235-Ա որոշմամբ ներկայացվել են աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի վերը նշված աշխատակիցների հանցավոր գործողությունների հետևանքով ևս պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ արդյունքում նաև հիշյալ դպրոցին փաստացի զրկելով իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից:
Վերոգրյալ արարքների կատարման համար առաջադրվել են համապատասխան մեղադրանքներ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (չորս դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հողհատկացման և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Հայկ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինություն ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի պետի տեղակալ Արամ Ենգոյանին, նույն բաժնի առաջատար մասնագետներ Տիգրան Փոթիկյանին, Միքայել Հակոբյանին և առաջին կարգի մասնագետ Հայկ Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործի նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթացման նպատակով:
2021թ. դեկտեմբերի 30-ին կազմվել է մեղադրական եզրակացություն, այն հաստատելու և քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ