Անզգուշությամբ կատարված հանցագործության համար դատապարտվածները ևս կկարողանան աշխատել Քննչական կոմիտեում
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է անզգուշությամբ կատարված հանցագործության համար դատապարտվածներին ևս Քննչական կոմիտեում աշխատելու իրավունք ընձեռել:
«Ըստ նախկին կարգավորումների, նշվում էր, որ նախկինում դատվածություն ունեցող որևէ անձ չի կարող հավակնել քննչական կոմիտեում աշխատանքի ներգրավվելուն, բայց հետագայում մենք լրացուցիչ ուսումնասիրեցինք ՀՀ օրենսդրությունը և պարզեցինք, որ ոստիկանությունն ու դատախազությունը մի փոքր ավելի մեղմ են այս հարցում իրենց օրենսդրությամբ ամրագրումներ նախատեսել: Մենք էլ գնացինք այդ ճանապարհով ու այժմ նախատեսում ենք, որ քննչական կոմիտեում կարող են աշխատանքի անցնել այն անձինք, որոնք դատապարտվել են և դատվածությունը, լրացել, մարվել կամ հանվել է անզգուշությամբ կատարված հանցագործությունների դեպքում»,- կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ընթացքում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:
Դիտավորությամբ կատարված հանցագործությունների դեպքում անձը չի կարողանա աշխատանքի անցնել Քննչական կոմիտեում:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նշեց, որ օրինագծով նախատեսված են նաև որոշ այլ փոփոխություններ:
Կարծիքներ