Նիկոլ Փաշինյան. երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը

Նիկոլ Փաշինյան. երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմունքը շարունակում է մնալ այն, որ երաշխավորված անվտանգություն Հայաստանի համար կարող է ապահովել միայն համապարփակ խաղաղությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տված հարցազրույցի ընթացքում: Վարչապետին ուղղված հարցադրումը հետևյալն էր, որ Ադրբեջանի վերջին հարձակումից հետո շատ երկրներ հասցեական գնահատական տվեցին Ադրբեջանի գործողություններին, բայց ի՞նչ գործուն քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը, որպեսզի միջազգային հանրության հասցեական գնահատականները Ադրբեջանի ագրեսիային վերածվեն կոնկրետ գործողությունների:

«Եթե գործողություն ասելով՝ նկատի ունենք անվտանգությունը, ապա իմ համոզմունքը շարունակում է մնալ նույնը, որ երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը, այսինքն՝ քանի դեռ մենք չունենք համապարփակ խաղաղություն՝ մենք համապարփակ անվտանգության մասին չենք կարող խոսել, և հետևաբար՝ մեր բոլոր ջանքերը նույնիսկ ամենասուր իրավիճակներում ուղղված են խաղաղությանը: Եթե մենք կարծում ենք, որ սահմանների անձեռնմխելիությունը պիտի պաշտպանվի այդ թվում մեր բանակի ջանքերով և դիվանագիտական միջոցներով, այդ գործողության հեռահար նպատակը նույնպես խաղաղությունն է: Հաջորդ գործիքը հետևյալն է, որ մենք փորձում ենք այնպես անել, որ մեր դիրքորոշումները հստակ լինեն միջազգային հանրության համար, և միջազգային հանրությունը հնարավորինս օբյեկտիվ տեղեկատվություն ստանա իրավիճակի մասին», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ զենքի վաճառքը Հայաստանին, մշտադիտարկումը ՀՀ սահմանին, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը տարբեր հարցեր են նշված համատեքստում, սակայն ամեն դեպքում երկրի ղեկավարությունը ակտիվ աշխատում է Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում