Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու է մերժել Լևոն Տեր–Պետրոսյանին

Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու է մերժել Լևոն Տեր–Պետրոսյանին

ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում: Այսպես է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնավորել ՀՀ առաջին նախագահի առաջարկին մերժելը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

ՀՀ երրորդ նախագահը նաև հաստատել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր միջև ս.թ. մայիսի 1-ին տեղի է ունեցել հանդիպում և որ ինքը մերժել է  առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկը:

«Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել` հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան»,–ասված է հայտարարության մեջ։

Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա Սերժ Սարգսյանը պնդում է, որ այն տեսնում է առաջին անգամ:

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։

Հիշեցնենք, որ մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարակամը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում