Երևանում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Երևանում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնություն

ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում, և ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացվել է 476 մլն 241 հազար դրամ՝ նոյեմբերի 18-24-ը Երևանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ըստ նախնական տվյալների՝ առաջնությանը մասնակցելու է ավելի քան 40 պետություն՝ շուրջ 400 մարզիկով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը 1995 թվականից հանդիսանում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) անդամ, որը միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) հետո աշխարհի ամենամեծ մարզական կազմակերպությունն է: ՀՀ ՊՆ զինծառայողները, 2014 թվականից մասնակցելով այս կառույցի տարբեր առաջնությունների և խաղերի, նվաճել են բազմաթիվ մրցանակային տեղեր:

Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը զինվորականների 2024 թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանի Հանրապետությանն է վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները, ինչպես նաև Հայաստանում ըմբշամարտի ավանդույթները և զարգացման ուղիները:

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացումը կնպաստի մեր երկրում ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը, ինչպես նաև ՀՀ-ում ըմբշամարտի համար նախատեսված անհրաժեշտ գույքի համալրմանը և մարզական կառույցների վերականգնմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում