Տղայական է, թող Սաղաթելյանը հյուրանոցը Շուշիում կառուցեր, Օհանյանը՝ դղյակը Ստեփանակերտում. Ալեն Սիմոնյան
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունը հնարավորություն ունի հարցեր ուղղելու նախարարներին, ինչպես նաև գրավոր կարող է այդ հարցերն ուղղել, առանց այսպիսի շոուների:
Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության երեկվա ակցիային, երբ վերջիններս փորձում էին ներխուժել Կառավարության երրորդ մասնաշենք, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմությունը լեգիտիմության խնդիր ունի. «21 տոկոս ձայն են հավաքել ընտրություններին, սակայն այդ 21 տոկոսի 2 տոկոսն էլ դուրս չի գալիս նրանց հետ փողոց: Այս ամենը վերածվել է խցանումներ ստեղծելու և մարդկանց նյարդայնացնելու մանյայի: Բոլորն էլ գիտեն, որ ընդդիմությունը գտնվում է շատ ծանր կացության մեջ»:
Լրագրողի հարցադրմանը՝ իշխանությունը կօգնի՞, որ ընդդիմությունը դուրս գա ծանր կացությունից, ԱԺ նախագահը նշեց՝ ոչ: «Մենք իրենց թույլ ենք տալու, որպեսզի մինչև վերջ մաշեցնեն իրենց բոլոր հնարավորությունները»,- նկատեց Սիմոնյանը:
Վերջինս ներողություն խնդրեց քաղաքացիներից՝ խցանումների համար. «Խնդրում եմ, մի փոքր դիմացեք, և այս ամենը կավարտվի»:
Լրագրողների դիտարկմանը՝ ընդդիմությունն ասում է՝ եթե իշխանությունը չգա հունիսի 3-ի արտահերթ նիստին, ապա երկիրը հանձնում է և Ադրբեջանի նախագահից է վախենում, հարցին՝ ինչո՞ւ չեն մասնակցելու արտահերթ նիստին, Սիմոնյանը պատասխանեց.
«Ընդդիմության գործելաոճը համահունչ է իրենց ասած նախագահի գործունեության հետ: Նրանց գործունեությունը համընկնում է սահմանում տեղի ունեցող գործողությունների հետ: Ակնհայտ է, որ այդ գործողությունները համատեղ են իրականացվում: Իսկ ինչ վերաբերում է արտահերթ նիստին, ապա դա ևս մեկ միջոց է՝ հերթական անգամ ստեղծված իրավիճակից մի ելք գտնելու համար: Իշխան Սաղաթելյանը օրեր ու ժամեր է ասում, մնաց 72 ժամ, օրեր մնացին, ժամեր մնացին: Բայց չեն հասկանում, որ այդ բառերով իրենք իրենց «տուպիկի» առաջ են կանգնեցնում: Հիմա էլ փորձում են ելք գտնել»:
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի այն արտահայտությանը՝ «եթե տղա եք, եկեք նիստին»՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք չեն եկել խորհրդարան՝ տղայությամբ չափվելու համար:
«Դա իրենց մակարդակի հայտարարություն է: Գալիս, նիստերին գրանցվում, գնում է, ինձնից է հեռու նստում, Ռուբինյանից է հեռու նստում, թե վարչապետին է ուզում մոտ նստել վերևից: Տղայական է, թող այդ հյուրանոցը, որ Սևանի ափին կառուցել է, Շուշիում կառուցեր, Սերժ Սարգսյանն էլ գնար բացմանը: Սեյրան Օհանյանն ֆրանսիական ոճով դղյակը թող Ստեփանակերտում կառուցեր, Ագնեսա Խամոյանը թող Սվետլանա Պասկալևայի նման ծրագրեր անի, ինչո՞ւ չի անում Արցախի մասին ծրագրեր: Այս իշխանությունն աննախադեպ օգնել է Արցախին: Արցախը չեն փրկում փողոցներում, այլ գործով: Իրենք դա չեն անում»,- նշեց ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ հայտնեց, որ ընդդիմադիրներ պատգամավորների բացակաների հետ կապված պատրաստվում է դիմել ԱԺ խորհրդին:
«Ընդհանուր առմամբ որոշում չկա, ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին: Կարծում եմ՝ չի կարելի երբ ուզենալ գալ նիստի, երբ ուզենալ չգալ, առավել ևս կոնկրետ նշված պատգամավորները, որոնց անունները մամուլում տեղ էին գտել, արդեն վաղուց անցել են թույլատրելի սահմանը»,- հավելեց ԱԺ նախագահը:
Կարծիքներ