Բելգիայում հուլիսի 20-ը հայտարարվել է սգո օր

Բելգիայում հուլիսի 20-ը հայտարարվել է սգո օր

Բելգիայում հուլիսի 20-ը հայտարարվել է սգո օր`աննախադեպ ջրհեղեղի հետևանքով զոհերի մեծ թվի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը`վկայակոչելով Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին:

«Հուլիսի 20-ը ազգային սգո օր կլինի: Դա մարդկային մեծ կորուստները հիշելու և բնակչության շրջանում համերաշխությունն ու միասնության զգացումը ողջունելու պահ է»,- Թվիթերում գրել է Ալեքսանդր Դե Կրոն:

Վերջին տվյալների համաձայն՝ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 23 մարդ, առնվազն 5-ը համարվում է անհայտ կորած: Ավելի քան 40 տուն հոսանքազրկվել է, իշխանությունները խորհուրդ են տվել ծորակից ջուր չօգտագործել:

Կառավարությունը գործարկել է Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը. օգնություն են սկսել տրամադրել Ֆրանսիան, Ավստրիան և Իտալիան:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բելգիայում ջրհեղեղների պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք հանգեցրել են միանգամից մի քանի գետերում ջրի մակարդակի բարձրացմանը: Լիմբուրգում մեկ օրում տեղացել է 130 մմ տեղում, Լիեժ նահանգում՝ 150 մմ:

Իշխանությունները հայտնել են, որ ներկա դրությամբ Բելգիայի հարավային մասում գտնվող քաղաքների փողոցներում ջրի մակարդակը հասել է 50-60 սմ-ի, որոշ տեղերում՝ մեկ մետրի: Տարերքը ոչնչացրել է ավելի քան 20 տուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում