Եգիպտոսի դեսպանի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները

Եգիպտոսի դեսպանի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծել է հայ-եգիպտական հարաբերությունների բարձր մակարդակը, բարեկամական բնույթը և շեշտել, որ դրանք առավել ամրապնդվել են վերջին 30 տարիներին՝ Հայաստանի անկախությունից հետո: Հաշվի առնելով երկու պետություններում տեխնոլոգիական ոլորտի զարգացման բարձր մակարդակը, առկա հնարավորությունները՝ Վահագն Խաչատուրյանն առաջարկել է քննարկել ոլորտային համագործակցության ընդլայնման, թվային գործիքների կիրառման և այլ հարցերով փորձի փոխանակման հնարավորությունները:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության հնարավորություններին՝ նշել է, որ պատրաստակամ է ջանքեր ներդնելու արդյունավետ համագործակցության զարգացումն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին նշել է, որ եգիպտական կողմը մասնավորապես հետաքրքրված է «Խելացի քաղաքների» ստեղծման, կառավարման թվային փոխակերպման, բազմաթիվ ոլորտներում տեխնոլոգիաների կիրառման հայաստանյան փորձով:

Նախարարը և դեսպանը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումն ու փոխգործակցության ընդլայնումը, ինչպես նաև դիտարկել են հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ոլորտային մի շարք հարցերի քննարկման հնարավորությունը:

Հանդիպման ավարտին նախարարը հրավիրել է Եգիպտոսի դեսպանին մասնակցելու 2022 թվականի մարտի 3-ից ապրիլի 2-ը ՀՀ-ում կայանալիք պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2022» միջազգային ցուցահանդեսին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում