Կառավարությունը նիստի օրակարգից հանեց Դիանա Գալոյանին ՀՊՏՀ ռեկտոր նշանակելու որոշումը

Կառավարությունը նիստի օրակարգից հանեց Դիանա Գալոյանին ՀՊՏՀ ռեկտոր նշանակելու որոշումը

 

Կառավարությունը քննարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ով տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ է, առաջարկեց հարցը ևս մեկ անգամ քննարկել: «Ընտրությունների նիստի հետ կապված եղել է դատական հայց, մասնավորապես դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների իրականացումը կասեցնել՝ հաշվի առնելով խորհրդի և ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները: Այդ ժամանակ դատարանի մեկ այլ որոշմամբ, նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը, ընդ որում երկու դատարանները եղել են առաջին ատյանի դատարաններ: Այս պահին կա նաև ԿԳՄՍ նախարարության դեմ դատական հայց՝ նախարարության դեմ խորհրդի նիստի ընտրությունների հետ կապված: Հետևաբար ես կարծում եմ առնվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտության կա այս հարցի շուրջ»,- ասաց Առաքելյանը:

Անդրադառնալով հարցին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ հարցը չհաստատելու ֆորմալ հիմք չկա և պետք է վերջակետ դնել ռեկտորի ընտրության գործընթացին, քանի որ այդ ընթացքում միայն բուհն է տուժում։ Ըստ նախարարի՝ եթե հետագայում լինեն համապատասխան վճիռներ, ապա դրանք կարվեն սահմանված կարգով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ հարցը հանվեց օրակարգից՝ մեկ անգամ ևս քննարկելու նպատակով: «Աշխատակազմի տեսակետը նույնպես իրավական տեսանկյունից այդպիսին է, բայց քանի որ Մեսրոպ Առաքելյանի կողմից հարցը բարձրաձայնվել է, մեկ քննարկում անպայմանորեն տեղի կունենա աշխատակազմում: Եվ եթե կարիք լինի, նույնիսկ հեռակա կարգով որոշումը կընդունվի: Քննարկումը մեկ շաբաթվա ընթացքում կանենք և եթե իրավական տեսանկյունից որևէ այլ հարց չառաջանա՝ կհաստատենք»,-ասաց փոխվարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում