Ընտրակարգի փոփոխության մեր հանձնառությունը որևէ մեկի համար անակնկալ չի եղել. «Իմ քայլի» պատգամավոր

Ընտրակարգի փոփոխության մեր հանձնառությունը որևէ մեկի համար անակնկալ չի եղել. «Իմ քայլի» պատգամավոր

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը վստահեցնում է, որ ընտրակարգը փոխելու՝ ռեյտինգայինը հանելու իշխանության հանձնառությունը որևէ մեկի համար անկանկալ չէ, այդ մասին շատ է նշվել:

Կոնջորյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում:

Նա շեշտեց, որ ընտրակարգ փոխելու վերաբերյալ որոշման մասին գործընթացի կեսից չի ասվում: Կոնջորյանը վստահեցրեց, որ իշխանության այդ քաղաքական հանձնառության մասին մշտապես նշվել է, ասվել է, որ պատրաստվում են  փոփոխություններ մտցնել Ընտրական օրենսգրքում, հանել ռեյտինգային ընտրակարգը:

«Այսինքն, այնպես չէ, որ մենք ասել ենք, որ մենք պահելու ենք ռեյտինգայինը և անակնկալ, հանկարծ ասել ենք, որ գնում ենք պարզ համամասնական ընտրակարգի: Խաղի կանոնները ոչ թե բարդանում են, այլ պարզեցվում են: Մեր քաղաքացիների համար քվեարկության, ընտրության գործընթացը պարզեցվում է, քարոզարշավի տրամաբանությունը, ԿԸՀ-ի համար գործընթացը պարզեցվում է»,-ասաց նա:

Պատգամավորը լեգիտիմ հիմք է տեսնում՝ պնդելու, որ խաղի կանոնների փոփոխությունը բացասական տեսանկյունից ներկայացնելը ամենևին հիմք չունի: «Մանավանդ, որ մենք նշում ենք, որ խաղի կանոնների՝ ընտրակարգի փոփոխության վերաբերյալ մեր հանձնառությունը որևէ մեկի համար անակնկալ չի եղել»,- նշեց նա:

Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ նախորդ ընտրությունները տեղի են ունեցել և՛ համամասնական, և՛ ռեյտինգային ընտրակարգով, երկու մոտեցումն էլ կան գործող Ընտրական օրենսգրքի մեջ: «Հիմա խոսքը ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին է: Ինչի արդյունքում խաղի կանոնները ոչ թե բարդանում, այլ պարզեցվում են»,- ասաց նա:

Այսպիսով, նա չի կարծում, որ ընտրակարգի փոփոխությունը կհանգեցնի խաղի կանոնների այնպիսի փոփոխության, որը խնդիրներ կառաջացնի քաղաքական միավորների համար:

Իշխանությունը հակված է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ընտրակարգը: «Լուսավոր Հայաստանը», սակայն, դեմ է արտահայտվում ընտրություններից առաջ ընտրակարգը փոխելուն: «Բարգավաճ Հայաստանից» էլ նշում են, որ կգնան ընտրությունների այն ընտրակարգով, որը կընտրի խորհրդարանական մեծամասնությունը, իրենց համար առաջնային է ընտրությունների արդար անցկացումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում