Կտրամադրվի օդանավակայանից տաքսիներով ուղեւորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա

Կտրամադրվի օդանավակայանից տաքսիներով ուղեւորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա

Ազգային ժողովը նոյեմբերի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ օրենսդրական փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը: Առաջարկվում է տրամադրել օդանավակայանի մարդատար տաքսիներով ուղեւորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար կսահմանվի տարեկան 200.000 դրամ:

Կսահմանվեն օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին եւ տարիքին ներկայացվող պահանջները: Կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում մարդատար տաքսիների փոխադրումների գործընթացը: Խախտումների դեպքում կսահմանվի վարչական տույժ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է օդանավակայանի տաքսի ծառայություններ մատուցող մեքենաների շարժը կարգավորել եւ զբոսաշրջիկներին զերծ պահել հնարավոր խաբեությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում