Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի բնակիչները դեռ սպասում են կառավարության արձագանքին
Հունիսի 20-ին Շիրակի մարզի Գեղանիստ համայնքում ուժեղ պտտահողմի հասցրած մեծ ավերածությունները բնակիչները փորձում են վերացնել սեփական ուժերով։ Հիշեցնենք՝ պտտահողմը պոկել, տարել էր մոտ 50-ից ավելի տան տանիքներ, փլուզվել են տների պարիսպներ, վնասվել են նաև անասնագոմերը։
Պտտահողմն այնքան ուժեղ է եղել, որ կոտրել է անգամ գյուղի գերեզմանաքարերը, գյուղի էներգա և գազամատակարարման ցանցերը ևս վնասվել են, որոշ ժամանակով գազի և հոսանքի մատակարարումները դադարեցվել են։
Վերոհիշյալից արդեն անցել է երկու ամիս, Freenews-ը փորձեց տեղեկանալ թե արդյո՞ ք համայնքի տուժած բնակիչները կառավարության կողմից ստացել են համապատասխան աջակցություն վնասների վերացման համար։ Համայնքի ղեկավար Սենիկ Մարտիրոսյանը փաստեց, որ արդեն երկու ամիս է անցել, բայց ոչ մի փոխհատուցում չի եղել։
ՙՙՙՎնասի ամբողջ ծավալը գնահատվել է 38 մլն դրամ, որը մենք ներկայացրել ենք ԱԻՆ, այս կառույցն էլ մարզպետարան, իսկ մարզպետարանն էլ կառավարություն։ Հիմա սպասողական վիճակ է, սպասում ենք կառավարության արձագանքին։
Դեռ ոչ մի նորություն չկա։ Վերջերս նորից դիմեցինք Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, նա էլ անձամբ դիմել է կառավարությանը, բայց դեռ պատասխան չունենք։
Իսկ ավերածությունների հետևանքները ինչպե ՞ ս են վերացվել, մինչ կառավարության պատասխանը կլինի․ համայնքի ղեկավարը այսպես պատասխանեց
Համայնքի տուժած բնակիչները իրենց սեփական ուժերով են փորձել կարգավորել խնդիրները, որը վարկերով, որը պարտքերով, մինչև կլինի կառավարության փոխհատուցումը։ Փորձել ենք գյուղը կարգի բերել, ամեն ինչ արված է։ Վերականգնված է նաև գյուղի գերեզմանատան քարե պարիսպը և գերեզմանաքարերը, մարդիկ ամեն ինչ արել են իրենց սեփական ուժերով։ Դեռ չլուծված է մնում վնասված գյուղտեխնիկայի հարցը:
Պտտահողմից հետո, նույն համայնքում նաև կարկտահարություն եղավ, գյուղացիների ցանկատարածություններն այս անգամ տուժեցին։ Այս հարցում փոխհատուցում եղա՞վ
Այս անգամ էլ մարզպետարանից եկան և վնասի գնահատում իրականացրեցին, մոտ 100 հա-ի կարգի վնաս է եղել, արձանագրեցին, ես էլ գրավոր ներկայացրեցի մարզպետարան, բայց դեռ դրական տեղաշարժ չկա։ Սպասում ենք, հնարավոր է լինի առաջիկայում։
Կարծիքներ