Ուզբեկստանն արձագանքել է ԱՄՆ ռազմական բազաներ տեղակայելու հավանականության մասին տեղեկություններին
ԱՄՆ-ը չի կարողանա իր ռազմական բազաները տեղակայել Ուզբեկստանում, քանի որ դա չի նախատեսվում երկրի պաշտպանական հայեցակարգով: Այս մասին հայտնում են Ուզբեկստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, փոխանցում է РИА Новости-ն:
Շեշտվել է, որ երկրի տարածքում օտարերկրյա ռազմական բազաներ և օբյեկտներ չընդունելու սկզբունքը դրված է Ուզբեկստանի արտաքին քաղաքականության մեջ և հայեցակարգում: Բացի այդ, մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ուզբեկստանը սկզբունքորեն չի մասնակցում այլ տարածաշրջանների խաղաղապահ գործողություններին և ռազմական բախումներին:
Նման հայտարարությամբ երկրի ՊՆ-ն արձագանքել է The Wall Street Journal-ի հաղորդագրությանը, որով ենթադրվում էր Աֆղանստանից դուրս բերված ԱՄՆ-ի զորքերի տեղակայումը Կենտրոնական Ասիայի երկրներում` Ուզբեկստանում և Տաջիկստանում:
Միաժամանակ ամերիկյան ղեկավարությունը դեռ պաշտոնական հարցում չի կատարել այդ երկրների տարածքում ռազմական բազաներ ստեղծելու վերաբերյալ: Վերջնական որոշում կայացնելուն մասնակցում են նաև պետքարտուղարությունը և Սպիտակ տունը:
Կարծիքներ