Եզրահանգել ենք, որ առնվազն որոշակի ժամանակով կարող ենք չհարկել արտագնա աշխատանքի մեկնողներին․ՊԵԿ նախագահ
Հայաստանի հարկային օրենսդրության ամբողջ պատմության ընթացքում նախատեսված է եղել, որ Հայաստանի ռեզիդենտը եկամտահարկ վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում ստացած եկամուտների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների դժգոհություններին։
Նրա խոսքով՝ նախկինում որևէ մեխանիզմ չի եղել օրենքով սահմանված այդ պարտականությունը կյանքի կոչելու համար։
«ԱՊՀ շրջանակներում 2020 թվականին միացել ենք համաձայնագրի, որով նախատեսվում է, որ հարկային մարմինները իրար միջև կփոխանակեն էլեկտրոնային տեղեկություններ միմյանց քաղաքացիների ստացած եկամուտների և վճարված եկամտային հարկի մասին։ Առաջին անգամ նախորդ տարի ենք ստացել այդ տեղեկությունը, և, ինչպես պահանջում է հարկային օրենսգիրքը, սկսել ենք վարչարարություն իրականացնել․ մեր քաղաքացիներին ծանուցել ենք առկա հարկային պարտավորությունների մասին»,-հայտնել է Բադասյանը։
Նա նշել է, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների կողմից կան նաև օբյեկտիվ հիմքեր ունեցող հարցադրումներ և դժգոհություններ։
Ըստ ՊԵԿ-ի ղեկավարի, քանի որ սովորույթի ուժով երբևէ հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել և եկամտային հարկ չի վճարվել, ապա առաջին անգամ համապատասխան տեղեկատվություն ստանալով արտագնա աշխատանքի մեկնած անձանց վերաբերյալ՝ որոշակի տույժեր են հաշվարկվել։
«Կարծում ենք, որ մենք կկարողանանք որոշակի օրենսդրական փոփոխություններով հիմա մեղմել, վերացնել այս ազդեցությունները և գնանք փուլային տարբերակով հայտարարագրման համակարգի սահուն ներդրման ուղղությամբ։ Կառավարության գործընկերների հետ քննարկելով՝ եկել ենք եզրահանգման, որ այս փուլում, եթե մենք ստանում ենք տեղեկատվություն օտար երկրում ստացած եկամտի և վճարված եկամտային հարկի մասին, ապա տարբերությունը առնվազն որոշակի ժամանակով կարող ենք Հայաստանում չհարկել՝ արձագանքելով նաև այս դժգոհությունների օբյեկտիվ հատվածին»,-ասել է ՊԵԿ-ի նախագահը՝ ընդգծելով, որ հայտարարագրման համակարգի փուլային ներդրմամբ, որի ավարտը նախատեսված է 2026 թվականին, ընթանում են այն ուղով, որպեսզի բոլոր եկամտային հարկերը վճարվեն։
Կարծիքներ