Գերմանիան կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող է չեղյալ համարել ավանդական կառնավալային սեզոնը
Գերմանիայում կառնավալային սեզոնի սկիզբը նոյեմբերի 11-ն է, այն սովորաբար տեւում է մինչեւ փետրվարի կեսերը: Սակայն կորոնավիրուսի համավարակի պայմաններում շատ քաղաքական գործիչներ արդեն իսկ խոսում են այն մասին, որ այս անգամ կառնավալը ընդհանրապես չի կայանա, կամ կանցկացվի խիստ ձեւափոխված, «հիգիենայի կանոններին» հարմարեցված ձեւով, հայտնում է DW-ը:
«Հաշվի առնելով ընթացիկ համաճարակաբանական իրավիճակը, ես չեմ պատկերացնում, որ կառնավալը տեղի կունենա»,- ասել է Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի հողերի առողջապահության նախարար Կարլ-Յոզեֆ Լումանը:
Նմանատիպ կարծիք է հայտնել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Նորբերտ Վալտեր-Բորյանսը:
Վերջին օրերին Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է: Ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի՝ օգոստոսի 19-ի առավոտվա տվյալներով Գերմանիայում անցած օրվա ընթացքում վարակների թվի աճը կազմել է 1510:
Համավարակի սկզբից կորոնավիրուսը հայտնաբերվել է հանրապետության 226 914 բնակչի մոտ, դրանցից 7711-ը` վերջին շաբաթվա ընթացքում: Գերմանիայում համավարակի հետեւանքով զոհերի թիվը կազմում է 9243: Յոթ հիվանդներ մահացել են վերջին 24 ժամվա ընթացքում:
Կարծիքներ