Ավստրալիայի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել ԼՂ-ում կայունության հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին

Ավստրալիայի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել ԼՂ-ում կայունության հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը վերահաստատել է Ավստրալիայի կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին՝ կարևորելով «մարդկանց հավասար իրավունքներն ու ինքնորոշումը»՝ որպես երեք հավասար սկզբունքներից մեկը, որը պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղը դեպի կայուն խաղաղություն՝ 2020 թ.-ի արյունալի պատերազմից հետո: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Հայ դատի հանձնախումբը հիշեցնում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի, դրան հաջորդող գործողությունների և նոյեմբերի 10-ին կնքված համաձայնագրի մասին։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի և ավստրալահայ համայնքի դիմումին պատասխանող նամակում նախարար Փեյնը ողջունել է համաձայնագրի արդյունքում ռազմական գործողությունների դադարեցումը՝ միևնույն ժամանակ նշելով, որ երկու կողմերը պետք է հետևեն Հելսինկիի եզրափակիչ ակտին, որը կոչ է անում հարգել «ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և մարդկանց հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքները»:

Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նախարար Փեյնը ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին կոչ է արել աջակցել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ջանքերին: Հանձնախումբը նշում է, որ մինչև այժմ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու այս գործընթացին, մինչդեռ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը փորձել է շրջանցել և ծաղրել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ նշելով, որ այն, ինչը նրանք չեն կարողացել ձեռք բերել բանակցությունների միջոցով, նա ձեռք է բերել ռազմական ուժի միջոցով:

Ավստրալիայի Հայ դատի հաձնախումբը ողջունել է Ավստրալիայի կառավարության դիրքորոշումը ՝ որպես «մեծ քայլ ճիշտ ուղղությամբ»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրոծադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հայտնել է, որ վերջերս ավելի քան 3000 ավստրալացիներ ստորագրել են Ավստրալիայի խորհրդարանին ուղղված միջնորդագիր՝ Ավստրալիային կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ ըստ նրանց՝ «այս պատերազմն ապացուցեց, որ դա կլինի տարածաշրջանի խոցելի, բնիկ հայերի անվտանգությունն ապահովելու միակ միջոցը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում