Չեմ բացառում, սա ֆուտբոլ է․ Հենրիխ Մխիթարյանը՝ հետագայում հայկական թիմում խաղալու հեռանկարի մասին

Չեմ բացառում, սա ֆուտբոլ է․ Հենրիխ Մխիթարյանը՝ հետագայում հայկական թիմում խաղալու հեռանկարի մասին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Միլանի «Ինտերը» կարողացել է տնային խաղում խոշոր՝ 3-0 հաշվով հաղթել «Մոնակո»-ին։

Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 2024-ին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, վերջերս 36-ամյակը բոլորած Հենրիխ Մխիթարյանը։

Խաղի 67-րդ րոպեին Մխիթարյանը, սեփական կիսադաշտում ստանալով գնդակը, արագ սլացավ դեպի մրցակցի տուգանային հրապարակ՝ հաղթահարելով շուրջ 50 մետր տարածություն, ուժգին հարվածեց, «Մոնակո»-ի դարպասապահը ճիշտ դիրք գրավեց և փրկեց իր թիմին հայ ֆուտբոլիստի հարվածից հետո, սակայն վրա հասած Լաուտարո Մարտինեսը կարողացավ խփել իր 3-րդ գնդակը՝ հեթ-տրիկ ձևակերպելով և վերջակետ դնելով հանդիպման հաղթողի վերաբերյալ հարցին։  

Հանդիպման ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը  զրուցել է «Արմենպրես»-ի հետ։

- Վերջին վնասվածքից հետո ինչպե՞ս է ֆիզիկական վիճակը, Հենրիխ։ 

- Դուք ասեք, ինչպե՞ս խաղացի (ժպտում է)։

- Կարծում եմ՝ լավ, Ձեզ հաջողվեց նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ։ Ափսոս, գոլ խփելը չստացվեց։

- Ես էլ եմ կարծում, որ կարողացա այսօր լավ խաղալ։ Ֆիզիկական վիճակս բավարարում է ամբողջական խաղեր անցկացնելուն։ Չեմ մտաբերում, որ գոլ խփելու ռեալ պահ ունեցա։

- «Ինտերի» հետ պայմանագիրը գործում է ընթացիկ և հաջորդ մրցաշրջանների համար, այնպես չէ՞։ Այսպիսի խաղերը խոսակցությունների առիթ չե՞ն տալիս երկարաձգելու համար։

- Իրականում հնարավորություն կա պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու։ Եթե դրա ավարտին կողմերը ցանկություն ունեցան, ապա պայմանագիրն ավտոմատ մեկ մրցաշրջանով ևս կերկարաձգվի։ 

- Իսկ գուցե կարիերայի ավարտին մեկ կամ երկու տարի էլ Հայաստանում կցանկանայի՞ք խաղալ, տեղացի երկրպագուներին ուրախացնել։

-  Սա անձամբ Ձե՞զ է հետաքրքիր, թե՞ հրապարակելու եք (ժպտում է)։

- Իհարկե, հրապարակվելու է։ Բացի այդ, վերջին տարիներին հայկական թիմերը կարողանում են որոշակի հաջողությունների հասնել եվրոպական մրցասպարեզում։ Մի շարք ֆուտբոլիստներ արդեն վերադարձել են կամ վերադառնում են։ Օրինակ, վերջերս նաև Վարազդատ Հարոյանը համալրել է «Փյունիկ»-ի շարքերը...

- Ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել։

- Այսինքն, չե՞ք բացառում, որ կվերադառնաք խաղալու Հայաստանում։

- Չեմ բացառում։ Սա ֆուտբոլ է։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում