Իսկ նորմա՞լ եք համարում, որ Սոթքում միջադեպ էր, համայնքապետը Երեւանում էր. մարզպետը՝ համայնքապետին ԱԱԾ կանչելու մասին
Ինչո՞ւ է Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ղեկավարը երեկ հրավիրվել ԱԱԾ. լրագրողներն այսօր Կառավարության նիստից հետո այս մասին հետաքրքրվեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից:
Մարզպետը խորհուրդ տվեց այդ մասին հարցնել գյուղապետից՝ ընդգծելով, որ նա բազմաթիվ քրեական գործերով է անցնում:
Նորմա՞լ է, որ այն իրավիճակում, երբ գյուղում նման իրավիճակ է (Ադրբեջանը երեկ կրակոցներ էր արձակել նաեւ սահմանի Սոթքի հատվածում, հանքի աշխատակիցները տարհանվել էին-խմբ.), նրան տանում են ԱԱԾ՝ նախորդ հարցը վերաձեւակերպեց լրագրողներից մեկը:
«Իսկ նորմա՞լ եք համարում, որ երեկ միջադեպ էր, իսկ համայնքապետը Երեւանում էր»,- պատասխանեց մարզպետը:
Բա ԱԱԾ էին կանչել՝ նկատեց մեկ այլ լրագրող:
«Իրեն կանչել էին Գեղարքունիքի ԱԱԾ, պարզվեց՝ Երեւանում է, դրա համար կանչեցին Երեւան: Ես գնամ, դուք մտածեք. նորմա՞լ է, որ այդտեղ էր»,- ասաց Սանոսյանը:
Հիշեցնենք՝ երեկ լուր տարածվեց, որ Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը կանչվել է ԱԱԾ: Դուրս գալով այնտեղից՝ նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ իրեն հրավիրել էին ԱԱԾ՝ մի քանի հարց տալու: Թե ի՞նչ հարցերի մասին է խոսքը, գյուղապետը հրաժարվել էր պատասխանել՝ վստահեցնելով, որ «ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա»:
Կարծիքներ