Մենք մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի. Նիկոլ Փաշինյանը՝ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը
Անկախության 30-ամյակին նվիրված գլխավոր միջոցառման մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ՝ խնդրեց հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել հանուն հայրենիքի ու նրա անկախության իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակը:
Իր ելույթում Փաշինյանը խոսեց պարտությունը հաղթանակի փոխակերպելու կարևորության մասին:
«Ի՞նչ կտեսնենք մենք, եթե հետ նայենք մեր անկախ պետության 30-ամյա պատմությանը: Կտեսնենք հաջողություններ ու անհաջողություններ, կտեսնենք հաղթանակներ ու պարտություններ, կտեսնենք արցունքներ ու բերկրանք, ոգեշնչում և հուսահատություն, հիացմունք ու հիասթափություն, պատերազմներ, պատերազմում կրած հաղթանակ ու պատերազմում կրած պարտություն:
2020 թվականի պատերազմի ծանրությունը կախված է այս հրապարակի վրա:
Ինչպե՞ս ապրել այս աղետից հետո, ինչպես նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի ու մայրերի աչքերին, ինչպե՞ս անել, որ նրանց զոհողությունը անիմաստ չդիտարկվի:
Այս բանաձևումն է թերևս մեր ամենամեծ խնդիրը. ձևակերպել մեր կյանքի ու ապագայի ուղենիշը 30-ամյա անկախության այս հանգրվանում, անկախ պետության ապագա տասնամյակների համար: Իմ պատկերացրած ձևակերպումն այսպիսին է՝ պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն:
Մենք մեր պարտությունը պետք է փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, ճակատագրին, մահվանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ