Վիզաների ազատականացման շուրջ շուտով երկխոսություն կլինի Հայաստանի հետ․ Ժոզեպ Բորել
Եվրամիության և Հայաստանի միջև շուտով երկխոսություն կլինի Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ։
Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
«Ի գիտություն եմ ընդունում Հայաստանի մեծ հետաքրքրությունը վիզաների ազատականացման հարցում։ Համապատասխան երկխոսություն դրա շուրջ շուտով կլինի»,- ասել է Բորելը։
Նա նաև նշել է, որ ցանկանում են աջակցել Հայաստանի մասնակցությանը Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծին։ «Սա հզոր ներուժ ունեցող նախաձեռնություն է, որը կարող է դիվիդենտներ բերել խաղաղության համար», - նշել է Բորելը։
ԵՄ բարձր ներկայացուցչի խոսքով՝ Եվրամիության և Հայաստանի հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Կարծիքներ