Թշնամին միտումնավոր է թիրախավորել մեր քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը. ՏԿԵ նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հիմնարկների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է շրջայց Գեղարքունիքի մարզի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր։
Դիվանագետները ՏԿԵ նախարարի, մարզպետի, համայնքապետների ուղեկցությամբ նախ եղել են Սոթք, ապա Կութ բնակավայրերում։ Նախարարը տեղում դիվանագետներին է ներկայացրել հակառակորդի կողմից միտումնավոր թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները։
Սոթք և Կութ բնակավայրերում թիրախավորվել և ռմբակոծվել են դպրոցները, մանկապարտեզները, համայնքապետարանի շենքերը, բուժկետը, 190-ից ավելի տներ, որոնցից մոտ 50-60-ը՝ ամբողջությամբ, օժանդակ շինություններ, տեխնիկա, ավտոմեքենաներ։
«Այն, ինչին մենք ականատես եղանք շրջայցի ժամանակ, ակնհայտ է դարձնում, որ թշնամին միտումնավոր է թիրախավորել է մեր քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը։ Դա է փաստում նաև քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի և վիրավորների թիվը»,- ընդգծել է նախարարը։
Երկու բնակավայրում շրջայցից և փաստերն արձանագրելուց հետո արդեն Վարդենիս համայնքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի, ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությամբ տեղի է ունեցել հարցուպատասխան։
ԳՇ պետի տեղակալը դիվանագետներին է ներկայացրել ստեղծված իրավիճակը և ադրբեջանական կողմի վայրագությունները՝ մասնավորապես հայ կին զինծառայողների մարմինները ծայրահեղ դաժանությամբ խոշտանգելու փաստեր։ Տեղի է ունեցել հարցուպատասխան։
Կարծիքներ