«Մերսեդես»-ը Երեւանում շրջել է կեղծ համարանիշերով. ղեկին ոստիկանության նախկին աշխատակցի որդին է եղել

«Մերսեդես»-ը Երեւանում շրջել է կեղծ համարանիշերով. ղեկին ոստիկանության նախկին աշխատակցի որդին է եղել

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները վերջին ամիսներին մայրաքաղաքում հայտնաբերել են այնպիսի օրինախախտ վարորդների, ովքեր տրանսպորտային միջոցը վարել են փոխարինված կամ կեղծ համարանիշներով։ 

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ըստ սկզբնաղբյուրի՝ Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքում սև գույնի «Մերսեդես CLՏ 63» մակնիշի ավտոմեքենան շրջում է կեղծ համարանիշներով։

Ոստիկանության ջանքերով հայտնաբերվել է կասկածելի «Մերսեդես»-ը, և այն տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Ավտոմեքենայում հայտնաբերվել են «700 OZ 07» համարանիշներ, որով նշված ավտոմեքենան մայրաքաղաքում «վեր ու վար է արել»։ Իսկ իսկական համարանիշները եղել են «37 CV 050»։

Ըստ տեղեկությունների՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 36-ամյա Գուրգեն Աբրահամյանը, ում հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։ Գ. Աբրահամյանը մի քանի տարի առաջ նմանատիպ արարք կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։ 

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ վարորդի ով լինելուց ու վարած ավտոմեքենայից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան տեղափոխվելու է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում