Արարատ Միրզոյանը և Անն Լինդեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր
Սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված համագործակցության խորացման հեռանկարներին։
Արարատ Միրզոյանը և Անն Լինդեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։
Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները՝ շեշտելով, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։
Կարծիքներ