Հայաստանից պահածոների և հյութերի արտահանումն աճել է 30 և 38 տոկոսով
Հայաստանից պահածոների և հյութերի արտահանումը 2020 թվականին աճել է համապատասխանաբար 30 և 38 տոկոսով։ Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա ինչո՞վ է կարևոր, որ վերամշակող արդյունաբերությունն աշխատել է։ Սա շատ կարևոր ցուցանիշ է։ Բայց ունենք մի վատ ցուցանիշ, երբ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով։ Երեկ էկոնոմիկայի նախարարի տեղակալը շատ հետաքրքիր տվյալներ ներկայացրեց, որից իմացանք, որ մեր ավանդական շուկաներում, սակայն, իրականում այս ապրանքատեսակների վաճառքներն ավելացել են»,- ասաց վարչապետը։
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ վերլուծությունը ցույց է տվել հետաքրքիր բան, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ շուկաներում աճը տեղի է ունեցել օնլայն վաճառքների հաշվին։ «Մենք կանգնել ենք մի իրողության առաջ, որ մեր ընկերությունները, ցավոք, այդ օնլայն վաճառքի հարթակներում պատշաճ ներկայացված չեն։ Սա վկայում է այն մասին, որ մենք «աջակցության ծրագիր» վերնագիրն ընդհանրապես պետք է փոխենք, պետք է ունենանք զարգազման ծրագրեր։ Աջակցելու պրոցեսը որպես կանոն պահպանողական է»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ