Տրակտորը թաքցրել է և 5 մլն դրամի փոխհատուցում ստացել. Արցախի դատախազություն
Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է, որ 23.02.2017թ. կնքված ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի հիման վրա ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից քաղաքացի Ռ.Գ.-ի տիրապետմանը փոխանցված Agrotron-180 4WD E2 մակնիշի անիվավոր տրակտորը այն վարող անձի կողմից 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքից գաղտնի և հափշտակելու նպատակով տեղափոխվել էր ՀՀ Սյունիքի մարզ, իսկ այնուհետև ՀՀ Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, որից հետո Ռ.Գ-ն ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված աջակցությունից օգտվելու նպատակով պետական մարմին է ներկայացրել տեղեկություններ այն մասին, որ հիշյալ տրակտորը մնացել է 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում՝ դրա դիմաց ստանալով 5.000.000 դրամի չափով աջակցություն, ինչպես նաև 12.000.000 դրամի չափով մուրհակ, իսկ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը զրկվել է սեփականության իրավունքով ձեռք բերած՝ 17.000.000 դրամ արժողությամբ տրակտորը տնօրինելու, տիրապետելու իրավունքից:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոհիշյալ տրակտորը հայտնաբերվել է ՀՀ Էջմիածին քաղաքում:
Նկարագրված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն:
Կարծիքներ