Ավելի անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել. Լավրովը՝ «Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին» խոսքերի մասին

Ավելի անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել. Լավրովը՝ «Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին» խոսքերի մասին

Հայ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան Լեռնային Ղարաբաղը «տվել է» Ադրբեջանին, ճիշտ չեն:

G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասիմն հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 

«Մի քաղաքական գործիչ իրեն թույլ է տվել խոսել այն մասին, թե Ռուսաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին: Ավելի ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։

Նախարարը նշել է, որ արված հայտարարությունը հիմնվել է 2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած առաջին եռակողմ համաձայնագրի վրա։

«Սա իրականության հետ բացարձակ անհամապատասխանություն է, դա ընդհանրապես ոչինչ չի ասում Ղարաբաղի կարգավիճակի մասին, այն ժամանակ երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ պետք է լրացուցիչ բանակցություններ վարվեին: Բայց երբ ավելի ուշ Պրահայում, որտեղ հրավիրվեցին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք երկուսն էլ ստորագրեցին հայտարարություն, որում ասվում էր, որ ճանաչում են 1991թ. Ալմաթիի հռչակագիրը, վերջ, հարցը փակվեց»,-ասել է Լավրովը՝ նշելով, թե պետք չէ ՌԴ-ին մեղադրել 2020 թվականի նոյեմբերի 10-ին «Ղարաբաղը հանձնելու մեջ»:

«Հարկավոր է ինքնուրույն պատասխան տալ սեփական ժողովրդին»,- հավելել է Լավրովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում