Բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ. Պապիկյանը՝ ԳՇ պետի ազատման մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ ինչի՞ հետ է կապված ԳՇ պետի ազատումը, ինչպես նաև ԳՇ-ում կատարված կադրային փոփոխությունները, չնայած տարածաշրջանում կատարվող փոփոխություններին:
Ի պատասխան Աբրահամյանի հարցի՝ նախարարը նկատեց՝ եթե մենք նայենք տարածաշրջանում կատարվող փոփոխություններին, հնարավոր է՝ փոփոխություններ ընդհանրապես չանենք:
«Մշտապես տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վաղօրոք հնարավոր չէ կանխորոշել: Դուք էիք նախորդ անգամ նշում, որ բարեփոխումներն անհրաժեշտ են և ուշանում են, և մենք իրավունք չունենք հապաղելու: Մենք թևակոխել ենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան: Վստահ եմ՝ վաղուց ժամանակն է, որ պաշտպանական գերատեսչությունում վստահենք ու հնարավորություն տանք պատերազմի բովով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին»,- նշեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Պապիկյանը նկատեց՝ փոփոխությունների առաջարկը եղել է իրենը և համաձայնեցրել է ՀՀ ղեկավարի հետ:
Նախախարը նաև ընդգծեց՝ բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ բարեկամ, ծանոթ կապերից:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԳՇ արդեն նախկին պետ Արտակ Դավթյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Նույն օրը ԳՇ-ում տեղի ունեցան մի շարք պաշտոնանկություններ և նոր նշանակումներ:
Կարծիքներ