Կատարը հետաքրքրված է Հայաստանից ոչխարի մսի ներկրման հնարավորությամբ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մարտի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ բին Թրքի ալ Սուբեյհիի հետ մասնակցել է AgriteQ 2022 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որտեղ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։
Վահան Քերոբյանը շրջել է Հայաստանի տաղավարով, ծանոթացել այնտեղ ցուցադրվող հայկական արտադրանքին։
AgriteQ 2022 ցուցահանդեսային տարածքով շրջելուց հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարարը և Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարարը առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության հարցերի կարևորությանը և այդ համատեքստում Հայաստանում կատարական ներդրումների հնարավորություններին։
Նախարար Քերոբյանը կատարական կողմին հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու ներդրումային հնարավորություններին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, և հստակեցնելու համագործակցության ուղղությունները։
Կատարական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանից ոչխարի մսի ներկրման հնարավորության վերաբերյալ։
Ներդրումների համար որպես հետաքրքիր ուղղություն նախարար Քերոբյանն առանձնացրել է Հայաստանում ջերմատների և ինտենսիվ այգիների հիմնումը՝ նշելով, որ դրանք ներկայումս Հայաստանի Հանրապետությունում արագ զարգացող ուղղություններ են։
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համագործակցության մասին մտադրությունների հուշագիր։
Կարծիքներ