Էլեկտրոնային համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման խնդիրներ․ ՊԵԿ-ի հայտարարությունը

Էլեկտրոնային համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման խնդիրներ․ ՊԵԿ-ի հայտարարությունը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման խնդիրներ:
Հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթները՝ մինչև ծրագրային համակարգի խնդրի ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքում՝ ՀՀ տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր կարգով իրականացնել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերով։ Նշված փաստաթղթերը պետք է պարունակեն Օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում ներառվող տվյալները, բացառությամբ՝ հաշվարկային փաստաթղթի սերիայի և համարի:

Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ծրագրային համակարգի խնդիրների վերացման վերաբերյալ հարկային մարմինը կտարածի լրացուցիչ հաղորդագրություն:

Հարկ է նկատի ունենալ, որ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումը վերացնելուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը նախկինում դուրս չգրված և թղթային կրիչի վրա լրացված ուղեկցող փաստաթղթի փոխարեն էլեկտրոնային եղանակով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, որտեղ «Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշում է նախկինում դուրսգրման փորձի կատարման ժամանակը (րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարեթիվը), այնուհետև էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում և դուրս է գրում:

Հարկային մարմինը հորդորում է խստագույնս առաջնորդվել վերը նշվածով` բացառելով չփաստաթղթավորման դեպքերը և իրացման շրջանառությունների թերհայտարարագրումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում