Իտալական Ալպերը ջրիմուռների պատճառով վարդագույն երանգ են ստացել (լուսանկարներ)

Իտալական Ալպերը ջրիմուռների պատճառով վարդագույն երանգ են ստացել (լուսանկարներ)

Իտալական Ալպերում ջրիմուռների հետևանքով սառույցը վարդագույն գունավորում է ստացել․ գիտնականներն այժմ երևույթի պատճառների հետազոտման աշխատանքներով են զբաղվում, գրում է The Guardian պարբերականը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ վիճահարույց է այն հարցը, թե ջրիմուռները որտեղից են այդտեղ հայտնվել, սակայն Իտալիայի ազգային հետազոտական խորհրդից Բիաջո դի Մաուրոյի խոսքով՝ Presena սառցադաշտի որոշ հատվածներում նկատված վարդագույն ձյան պատճառն ամենայն հավանականությամբ Ancylonema nordenskioeldii կոչվող բույս է, որը նաև Գրենլանդիա կղզում է հանդիպում։ 

«Ջրիմուռը վտանգավոր չէ, այն բնական երևույթ է, որը հանդիպում է գարնան և ամռան ընթացքում հիմնականում միջին լայնություններում, երբեմն նաև՝ բևեռներում»,- նշել է Դի Մաուրոն, որը նման երևույթի նախկինում ականատես է եղել նաև շվեյցարական Morteratsch սառցադաշտում։

Հայտնի է, որ սովորաբար սառույցն արևի ճառագայթման ավելի քան 80 տոկոսն է վերադարձնում մթնոլորտ, սակայն հայտնված ջրիմուռները «մթնեցնում» են սառույցը, ուստի այն կլանում է ջերմությունը և սկսում ավելի արագ հալվել։ Սա էլ, իր հերթին, նպաստում է գլոբալ տաքացման ընթացքի արագացմանը։ 

Նշվում է, որ ջրիմուռների աճին ու ավելացմանը նպաստում է նաև սառցի հալման հետևանքով գոյացած ջուրը։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում