Կանադան Չինաստանը «լուրջ ռազմավարական սպառնալիք» է համարում
Չինաստանը լուրջ ռազմավարական սպառնալիք է ներկայացնում Կանադայի համար` ինչպես գաղտնիքները գողանալու, այնպես էլ չինական համայնքին վախեցնելու արշավի պատճառով, հայտարարել է Կանադայի անվտանգության եւ հետախուզության ծառայության (CSIS) տնօրեն Դեյվիդ Վինյոն, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով` պետական սուբյեկտների թշնամական գործունեությունը, որոնք, ի միջի այլոց, ձգտում են գողանալ առեւտրական գաղտնիքներն ու գաղտնի տվյալները, «լուրջ վտանգ են ներկայացնում Կանադայի բարգավաճման եւ ինքնիշխանության համար»: «Չինաստանի կառավարությունը աշխարհաքաղաքական գերակայության հասնելու ռազմավարություն է հետապնդում բոլոր ճակատներում` տնտեսական, տեխնոլոգիական, քաղաքական եւ ռազմական, եւ օգտագործում է պետական իշխանության բոլոր տարրերը` գործողություններ իրականացնելու համար, որոնք ուղղակի սպառնալիք են ներկայացնում մեր ազգային անվտանգության եւ ինքնիշխանության համար»,- ասել է նա:
Ըստ Վինյոյի` կենսադեղագործությունը եւ առողջապահությունը, արհեստական ինտելեկտը, քվանտային հաշվարկումները, օվկիանոսային տեխնոլոգիաները եւ տիեզերական արդյունաբերությունն առավել վտանգված են կառավարության կողմից հովանավորվող հաքերների կողմից:
Վինյոն պնդում է նաեւ, որ Չինաստանն իրենց ունեցվածքով արտասահման փախած կոռումպացված պաշտոնյաների եւ ղեկավարների որոնման «Աղվեսների որսը» օպերացիայի միջոցով պարբերաբար սպառնում եւ ահաբեկում է քաղաքական հակառակորդներին Կանադայում: «Այս գործողությունները հատում են սահմանը, խաթարում են մեր ժողովրդավարական գործընթացները կամ սպառնում են մեր քաղաքացիներին»,- ասել է նա:
Կարծիքներ