Նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը․ Գրիգորյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը․ Գրիգորյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Կառավարության նիստից հետո Գրիգորյանը նշել է, որ  քարտեզների մասով կամ պատմական էքսկուրսիայի մասով չի պատրաստվում որևէ հայտարարություն անել՝ բոլոր քարտեզները և պատմական փաստերը կան, հանրության ցանկացած անդամ և Հայաստանում, և Ադրբեջանում, կարող են քարտեզներին ծանոթանալ և իմանալ, որ տարածքը պատմականորեն ում է պատկանել։

ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի հարցերից մեկը հենց միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է։

«Իհարկե, մենք նշում ենք, որ դեռևս 1992 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ԱՊՀ շրջանակներում ճանաչել են միմյանց սուվերեն տարածքները և ինքնիշխանությունը, բայց գիտեք նաև, որ հետագայում այլ զարգացումներ են եղել, բայց Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են միմյանց տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը ճանաչել։ Բնականաբար, նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ Հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»,- եզրափակեց Գրիգորյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում