Նարեկ Մկրտչյանն ընդունել է Կիշան Դան Դեվալին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։
Ամփոփելով սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերը՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է հայ-հնդկական համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ ջանքերի ներդնումը։
Նախարարն ընդգծել է Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում իրականացված ամենամյա վերապատրաստման դասընթացների կարևորությունը։ Բարձր է գնահատվել «Գենդերային հարցերն աշխատանքի աշխարհում», «Միջազգային հանրային առողջության կառավարման և զարգացման ծրագիր», «Հետազոտական մեթոդներն աշխատաշուկայում», «Աշխատողների առողջության պահպանում և անվտանգություն», «Աշխատանքի և զբաղվածության հարաբերությունները գլոբալ տնտեսությունում» թեմաների շուրջ տեղեկատվության փոխանցումն ու քննարկումների կազմակերպումը։
«Կարևորում ենք գործընկերների հետ աշխատաշուկայի վերաբերյալ հետազոտության իրականացումը, նաև համագործակցությունը նոր մեթոդաբանություններ ներդնելու ուղղությամբ։ Կիբեռանվտանգության, մասնավորապես՝ տվյալների պահպանության և տվյալների մենեջմենթի ոլորտում համագործակցության դեպքում մասնակցություն կունենա նաև ԱՍՀՆ «Նորք» տեխնոլոգիական կենտրոնը»,-նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև աշխատանքային միգրացիային, աշխատողների առողջության պահպանմանն ու աշխատավայրի անվտանգությանը, աշխատանքի և զբաղվածության հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։
Կիշան Դան Դեվալը շնորհակալություն է հայտնել նախատեսվող ծրագրերի վերաբերյալ ամբողջական և համապարփակ տեղեկատվության տրամադրման համար՝ վերահաստատելով պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ դրանց արդյունավետ իրականացման գործում։
Կարծիքներ