Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի արտահերթ նիստում 2023 թվականի մարտի 26-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին վիճակահանության կարգով տրամադրել է հերթական համարներ։
Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական այն ուժերը, որոնք ներկա են եղել նիստին (նիստի տեղի և ժամի մասին իրազեկվել էին բոլոր ուժերը), մասնակցել են վիճակահանությանը։ Այսպիսով, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի հերթական համարներն են՝
«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք-1,
«Իմ հզոր համայնք» կուսակցություն-4,
Հայաստանի հանրապետական կուսակցություն-5,
«Հայկական երազանք» կուսակցություն-2,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-6,
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-3։
Այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են և՛ Սիսիան և՛ Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, հանդես կգան նույն համարի ներքո։
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը կրկին վիճակահանությամբ բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։
Կարծիքներ