Հայաստանը և Միացյալ Նահանգները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Միացյալ Նահանգները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 7-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Այդ մասին Թվիթերում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ հայ-ամերիկյան երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1992 թ. հունվարի 7-ին:

«1992 թվականից ի վեր Հայաստանը և Միացյալ Նահանգները զարգացրել են ամուր գործընկերություն՝ խարսխված ժողովրդավարության ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների հարգման և օրենքի գերակայության վրա», - նշել է Արտգործնախարարությունը՝ շնորհավորելով երկու երկրներին կարևոր տարեդարձի կապակցությամբ:

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշ Ավագը ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Երևանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հիշեցրել էր, որ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը շատ ավելի վաղ շրջանում է սկիզբ առել: Միացյալ Նահանգները ճանաչել էր նաև Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը 1918-20 թթ. կարճ ժամանակահատվածում: ԱՄՆ պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին դիվանագիտական նոտա էր փոխանցել Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Բաստրմաջյանին՝ տեղեկացնելով Հայաստանի անկախությունը ճանաչելու նախագահ Վուդրո Վիլսոնի որոշման մասին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում