ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը

ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը

ՀՀ ազգային ժողովը նստաշրջանի օրակարգ չընդգրկեց ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացրած Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացնելիս ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը ընդգրկվել էր օրակարգի 3-րդ բաժնում, քանի որ գլխադասային հանձնաժողովը հարցը չի քննարկել և եզրակացություն չի ներկայացրել:

Նախագծի հիմնական զեկուցողը բացակայում էր, հետևաբար այն օրակարգ ընդգրկելու հարցը քվեարկության դրվեց առանց քննարկման: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ խմբակցությունը չի մասնակցի այդ քվեարկությանը: Այսպիսով նախագիծը ստացավ 0 կողմ, 0 դեմ ձայներ և չընդունվեց:

Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ ավելի վաղ՝ հունիսի 3-ին հրավիրվել էր  Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում այդ հայտարարության նախագիծն էր: Սակայն նիստը չէր կայացել, քանի որ քվորում չէր ապահովվել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նիստին չէին եկել, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում