Հայիթի նախագահին կարող էին սպանել պաշտոնաթող կոլումբացի զինվորականները․ ՊՆ
Հայիթի նախագահ Ժովենել Մոիզի ենթադրյալ սպանողները պաշտոնաթող կոլումբացի զինվորականներն են։ Այս մասին հայտնել է հարավամերիկյան երկրի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանո Ապոնտեն թվիթերյան էջում։
«Կապված Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության հետ՝ այսօր Ինտերպոլը պաշտոնապես տեղեկություն է խնդրել Կոլումբիայի կառավարությունից և Ազգայն ոստիկանությունից՝ այդ հանցագործության ենթադրյալ կատարողների մասին։ Նախնական տեղեկություներով՝ նրանք Կոլումբիայի քաղաքացիներ են՝ Ազգային բանակի պաշտոնաթող ծառայողներ»,-ասվում է հայտարարության մեջ։
Նախարարը նշել է, որ ոստիկանությանն ու բանակին հանձնարարվել է անհապաղ աջակցություն ցուցաբերել հետաքննությանը։
Հուլիսի 7-ի գիշերը Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը, ով գլխավորում էր երկիրը 2017 թվականից, մահացու վիրավորում է ստացել անհայտ անձանց կողմից իր նստավայրի վրա կատարված հարձակման հետևանքով։
Իրադարձությունների հետ կապված՝ վարչապետի պաշտոնակատար Քլոդ Ջոզեֆը հայտարարել է հանրապետության տարածքում արտակարգ դրության սահմանման մասին։ Նա կղեկավարի երկիրը մինչ նոր նախագահի ընտրությունը։
Հայիթիում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ծրագրված են սեպտեմբերի 26-ին։
Կարծիքներ