Բացահայտվել են գումարի դիմաց պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր

Բացահայտվել են գումարի դիմաց պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, մեկ տասնյակից ավելի անձանց տրամադրել է պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:

Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստվել, դիմել է «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայի մատենավար Ռ. Գ.-ին և վերջինիս հետ ունեցած մտերիմ հարաբերություններից ելնելով՝ խնդրել նրան իր և իր ներկայացրած անձանց՝ ընտանիքի անդամների համար գումարի դիմաց տրամադրել վերջիններիս պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Ռ. Գ.-ն ընդունել է առաջարկը, ապա՝ Ա. Ջ.-ից ստացել նախապես պայմանավորված 330.000 ՀՀ դրամը: Այնուհետև Ռ. Գ.-ն, օգտագործելով վերը նշված ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ի հետ ազգակցական կապի մեջ գտնվելու հանգամանքը, դիմել է նրան: Կ. Թ.-ն, Ռ. Գ.-ին չմերժելու անձնական դրդումներով, կատարել է վերջինիս խնդրանքը՝ Ա. Ջ.-ին և նրա ներկայացրած անձանց տրամադրելով կեղծ սերտիֆիկատներ: Այնուհետև Կ. Թ.-ի պահանջով վերը նշված անձանց պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի կողմից մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:

Նույն եղանակով Ռ. Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Լ. Մ.-ի ու Մ. Ա.-ի հետ և նրանցից ստացել համապատասխանաբար 40.000 և 50.000 ՀՀ դրամ գումարներ: Այնուհետև Ռ. Գ.-ն կրկին դիմել է ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ին, որը նրա ներկայացրած անձանց՝ Լ. Մ.-ին, նրա որդուն և Մ. Ա.-ին տրամադրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ, Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ռ. Գ.-ին, Լ.Մ.-ին, Մ. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Զ.-ին ու ևս երկու անձի, որոնց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում