Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վարույթ է հարուցել
2020 թվականի հուլիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել:
Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել 2020 թվականի հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից, որով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին (որպես պատճառ՝ նշված է Սեդրակ Առուստամյանի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինությունը):
2020թ. մայիսի 27-ին Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է գույքի, եկամուտների եւ շահերի 2019թ. տարեկան հայտարարգիր, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գ. Ծառուկյանը, ի թիվս այլ ընկերություններում իր ունեցած գույքային իրավունքների, Սեդրակ Առուստամյանի հավատարմագրային կառավարման է հանձնել «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության բաժնեմասը՝ 20.05.2017-20.05.2022թթ. ժամանակահատվածով:
Այդուհանդերձ, «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 23.04.2020թ. թիվ 20/01-Ա արձանագրային որոշման ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ
ՀՀ ազգային ժաղովի պատգամավոր Գ. Ծառուկյանը անձամբ առերեւույթ մասնակցել է ընկերության կառավարմանը, առաջարկել է ընկերության տնօրենի թեկնածու, մասնակցել է տնօրենի ազատման եւ նոր տնօրեն նշանակելու որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաեւ տնօրենին հանձնարարականներ տալուն:
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի` հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:
Նույն հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:
Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները եւ ղեկավարվելով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 2-րդ մասը, ինչպես նաեւ 31-րդ հոդվածի 1-ին մասը, Հանձնաժողովը որոշել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով հարուցել վարույթ:
Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) հասցեագրված դիմումը:
Կարծիքներ