ՊԵԿ նախագահը ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության հարցեր
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը սեպեմբերի 10-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա տարիներին մաքսային ոլորտի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: Դմիտրի Գվինդաձեն ՊԵԿ նախագահին ներկայացրել է մասնավոր ու հանրային հատվածում ՎԶԵԲ-ի աջակցության շրջանակը, ծավալն ու գործիքները:
«Կողմերը մանրամասն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված՝ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման ծրագրին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ գործընկերային մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Կարծիքներ