Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում․ Գնել Սանոսյան

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում․ Գնել Սանոսյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է լավ և կառուցողական մթնոլորտում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ում տեղակալն ընդգրկված է այդ հանձնաժողովում։

«Կառուցողական, նորմալ, մասնագիտական քննարկում է եղել։ Առաջին հանդիպման համար բավականին կարևոր հարցեր բարձրացվել են, աշխատանքի որոշակի օրակարգ է սահմանվել և այլն»,- ասաց Սանոսյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է անցել հանձնաժողովների առաջին հանդիպումը կառուցողական մթնոլորտում, եթե դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ էր ստեղծվել, որի հետևանքով հակառակորդի կրակոցից զոհվել էր շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը, Սանոսյանը պատասխանեց․

«Այո, սահմանին միջադեպերը խանգարում են նման գործընթացներին և շատ դատապարտելի է, երբ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի հետևանքով զինծառայողները կարող են զոհվել»,- ասաց Սանոսյանը։

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում