Չինաստանում կարանտինը խախտելու համար տարեց տղամարդուն կապել են սյունից
Չինաստանի մայրաքաղաք Պեկինը շրջապատող Հեբեյ նահանգի պաշտոնյաները դաժան պատիժ են կիրառել տարեց տղամարդու նկատմամբ, որը դուրս էր եկել զբոսնելու՝ անետեսելով կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի և մեկուսացման ռեժիմը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, թոշակառու տղամարդուն փողոցում կապել են սյունից: Համացանցում հրապարակվել է տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են մի քանի հոգով կապում վերջինիս և հայհոյանքներ հնչեցնում նրա հասցեին: Տեղի իշխանությունները հաստատել են պատժի կիրառման փաստը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեկինի հինգ շրջաններում մեկուսացման ռեժիմ է սահմանվել: Ընդհանուր առմամբ 11 մլն մարդ հրահանգ է ստացել մնալ տանը:
Չինաստանում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 88 557 դեպք, որից 4635-ը՝ մահվան ելքով: Վերջին օրերին երկրում վիրուսի տարածման նոր օջախներ են հայտնաբերվել, ինչով պայմանավորված խստացվում են կարանտինային միջոցները:
Կարծիքներ