Ձերբակալություններ՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք փոխադրելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով քննվող քրեական գործի մի շարք հանգամանքներ:
Տեղեկացնենք, որ 2022 թ. մայիսի 1-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կիլոմետրի հատվածում տեղադրված հենակետում կատարված ստուգմամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Acura մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են РПК տեսակի КП 3310 և СО 7446 համարների հրազեններ, երկու պահունակ՝ լիցքավորված 45 և 23 հատ 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով, ինչպես նաև 8 հատ դատարկ պահունակ:
Հիշյալ ավտոմեքենայի՝ 1974 թ. ծնված վարորդը և երկու ուղևորները բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք փոխադրելու կասկածանքով։
Վերջիններս ձերբակալվել են։
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի, ռազմամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու, օբյեկտիվ բազմակողմանի և լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ